Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

«Հեղափոխությունը հեղափոխություն է, ինչպիսի որակումներ էլ կպցնեն»

«Հեղափոխությունը հեղափոխություն է, ինչպիսի որակումներ էլ կպցնեն»
03.07.2009 | 00:00

«ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐՆ ԱԹՈՌԱՄՈԼՈՒՑՔՈՎ ՉԵՆ ՏԱՌԱՊՈՒՄ»
…և ոչ միայն մշակույթի մասին

«Իրավունքը de facto»-ի հերթական հյուրն է Հայաստանի ճարտարապետների միության նախագահ ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆԸ
«ՉԱՐԲԱԽԻ ՄԻ ՈՐԵՎԻՑԵ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՄԻՏԻՆԳ ԱՆԵԼ, ԹԵ ՕՊԵՐԱՅԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ` ՔԱՂԱՔԻ ՍՐՏՈՒՄ, ՄԻԵՎՆՈՒՅՆ ԲԱՆԸ ՉԷ»
-Պարոն Մինասյան, մեր նախորդ հանդիպման ժամանակ Դուք Ձեր դժգոհությունն արտահայտեցիք Հյուսիսային պողոտայի ճարտարապետության և կանաչապատ գոտիների բացակայության վերաբերյալ: Ճարտարապետական բացթողումները, դժբախտաբար, անշտկելի են, իսկ կանաչապատման հետ կապված` պատկան մարմինները նախատեսում են որոշակի քայլեր: Մասնավորապես խոստանում են կանաչապատման պակասը լրացնելու նպատակով օգտագործել բարձրահարկերի տանիքները: Նման լուծումը Ձեզ կգոհացնի՞:
-Այդպիսի հնարներն ընդունված են ճարտարապետության մեջ: Դա կոչվում է վերտիկալ կանաչապատում: Հնարավոր է, որ այդ ճանապարհով ինչ-որ չնչին արդյունքի հասնեն, բայց Երևանի նման հարավային քաղաքի համար դա էական դեր չի կարող ունենալ: Մենք նույնիսկ գետնի վրա ենք դժվարությամբ բուսականություն աճեցնում, ուր մնաց` տանիքներում: Այդպես գեղեցիկ բաներ են ասում, լավ խոստումներ են տալիս, բայց դրանք այնքան էլ իրատեսական չեն: Ծավալների առումով էլ այդպիսի լուծումը մեծ արդյունքների չի հանգեցնի: Ինչ-որ մի փոքրիկ դրական փոփոխություն կարող են ապահովել նման քայլերով` ավելի շատ աչքի համար հաճելի տեսարան ստեղծելու առումով, բայց դրանից ո՛չ օդի բաղադրությունը կփոխվի, ո՛չ էկոլոգիական լուրջ խնդիր կլուծվի: Հիմա կամուրջների, պատշգամբների եզրերին, պատուհանագոգերին էլ են ծաղկամաններ տեղադրել, ծաղիկներ են աճեցնում, բայց չգիտեմ, թե դա որքանով կնպաստի մեր քաղաքի էկոլոգիայի բարելավմանը:
-Օպերայի մերձակայքում ծավալված շինարարական աշխատանքները զուտ քաղաքաշինակա՞ն նկատառումներով են պայմանավորված, թե՞ նաև ունեն անուղղակի քաղաքական ենթատեքստ` այստեղ կազմակերպվող հանրահավաքները կանխելու առումով:
-Ճիշտն ասած` քաղաքաշինության, ճարտարապետության մեջ քաղաքական ենթատեքստ դժվար է տեսնել: Նախ և առաջ` նման գործերում մեծ ներդրումներ են արվում: Եթե քաղաքի շահը չթելադրի, այդպիսի աշխատանքներ չեն կատարի միայն այն մտայնությամբ, որ այդ տեղում մարդիկ չհավաքվեն, միտինգներ չանեն: Վերջին հաշվով, այդ շինարարությունը մի օր պիտի ավարտվի, չէ՞, հրապարակը պիտի բացվի: Պարզապես մարդիկ մի փոքր անհանգստություն ունեն, որ այսուհետ այդ հրապարակը չի կարողանա տեղավորել այն խտության բազմություն, ինչ առաջ: Բայց այդ շինարարության նպատակը մեկն է` կրճատել մեր քաղաքի համար սոսկալի չափերի հասնող մեքենաների քանակությունը, որոնք կանգնեցվում են մայթերին, բակերում: Մեր քաղաքում անպայման պետք է լինեն բեռնաթափումների հանգույցներ: ՈՒրիշ հարց, որ կուզենայինք այդ հանգույցները տեսնել մեկ այլ, ավելի նպատակահարմար տարածքներում, որոնք մեզ համար այնքան մեծ կարևորություն չէին ունենա, որքան օպերան: Հակառակ դրան` ամենաշատը հենց օպերան կառուցապատվեց: Ի սկզբանե նշվում էին մի քանի տարածքներ՝ ստորգետնյա կայանատեղիներ կառուցելու համար, որոնց պարագայում փաստն այսքան ցավագին չէր ընդունվի, բայց, այնուամենայնիվ, կառուցվեց օպերայի մերձակայքում, որն էլ առաջ բերեց մարդկանց անվստահությունը:
-Ճի՞շտ եք համարում գաղափարական պայքար ծավալելիս հարթակի, տարածքի պարագան կարևորելը:
-Բոլոր քաղաքներում էլ որոշակի վայրեր կան, որտեղ բնակչությունը սիրում է հավաքվել: Մեզ համար դա օպերայի հրապարակն է: Թե՛ հանգստանալու, թե՛ հանրահավաքներ անցկացնելու համար, թե՛ տխրության, թե՛ ցնծության օրերին մեր քաղաքացիները նախընտրում են այդ տարածքը: Օրինակ, Տիգրան Պետրոսյանի՝ շախմատի աշխարհի չեմպիոն դառնալու ժամանակ էլ ժողովուրդն օպերայում էր հավաքվում: Այդպիսի վայրերն ունեն իրենց առանձնահատուկ նշանակությունը: Չարբախի մի որևիցե հրապարակում միտինգ անել, թե օպերայի հրապարակում՝ քաղաքի սրտում, միևնույն բանը չէ:
«ՄԻՇՏ ԷԼ ՄԱՐԴԻԿ ՈՒԺԵՂԻ ՇՈՒՐՋՆ ԵՆ ՀԱՎԱՔՎՈՒՄ»
-Ըստ Ձեզ՝ Հայաստանում գաղափարական լուրջ պայքար առկա՞ է իշխանության և ընդդիմության միջև:
-Երևի թե մենք նո՜ր-նոր սովորում ենք այդ բաները: Այն, ինչ տեսել-ապրել եմ այս հեղափոխությունից հետո, ինձ համար նորություն է: Իհարկե, 60-ականներին էլ որոշակի բաներ եղան, Եղեռնի հուշարձանը տեղադրվեց, ազգային զարթոնքի առաջին նշանները երևացին մեզանում: Բնական է, որ քաղաքացիները, բնակչությունն իրենց մասնակցությունն են բերում երկրի կայացման գործընթացին: Փորձում են ոչ թե միջամտել, այլ օժանդակել ինքնուրույն պետության ձևավորմանը: Եվ սա իր հետ դեֆորմացիաներ է բերում: Միշտ էլ մի ճամբարից մյուսը վազողներ են լինում: Միշտ էլ մարդիկ ուժեղի շուրջն են հավաքվում: Այլ հարց է, թե այդ ուժն ինչ է իրենից ներկայացնում, ֆիզիկակա՞ն ուժ է, հոգեկա՞ն, գաղափարակա՞ն: Սրանք բաներ են, որոնք պետք է ժամանակի ընթացքում հղկվեն, կարգավորվեն, որպեսզի քաղաքացին էլ իմանա իր տեղը, կառավարությունն էլ իմանա իր ապագա քայլերը: Այդ կերպ պետք է խուսափել ցնցումներից, որովհետև չի կարելի բնակչությանն անընդհատ պահել լարված վիճակի մեջ: Իսկ մեր բնակչությունն իսկապես լարված է՝ անկախ ամեն ինչից:
-«Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը Հայաստանի համար անհրաժեշտ է համարում խաղաղ հեղափոխությունը: Այդպիսի լուծումը կարո՞ղ է հանգեցնել լարվածության վերացման կամ գոնե թուլացման: Եվ, առհասարակ, հեղափոխություն և խաղաղություն հասկացությունների միջև ներդաշնակություն գտնո՞ւմ եք:
-Այդ հասկացությունների միջև ներդաշնակություն չկա, իհարկե: Հեղափոխությունը հեղափոխություն է, ինչպիսի որակումներ էլ կպցնեն: Ասում են՝ թավշյա հեղափոխություն, գունավոր հեղափոխություն, բայց դրանից էությունը չի փոխվում: Հեղափոխությունը սելավի պես իր հետևից ծանր հետևանքներ է բերում: Այլ կերպ չի կարող լինել:
-Իսկ համաներումը կարո՞ղ է դեր ունենալ մեր հանրապետությունում լարվածությունը թուլացնելու հարցում:
-Այո՛, ինչ-որ դեր կարծես թե կատարում է: Բայց ես չեմ ընդունում, երբ բոլոր ձերբակալվածներին որակում են իբրև քաղաքական բանտարկյալներ: Այդպես կարելի է բանտերում գտնվող յուրաքանչյուրի հանցանքում էլ քաղաքական մոտիվ գտնել: Հատկապես խորհրդային տարիների փլուզումից հետո շատ բանտարկյալների մասին սկսեցին խոսել իբրև ռեժիմի զոհերի, սկսեցին նրանց քաղբանտարկյալի իմիջ վերագրել: Պահեստապետը, սպեկուլյանտը կամ կաշառակերը որակվում էին իբրև քաղաքական բանտարկյալներ, որովհետև խորհրդային իշխանությունը նրանց բավարար չափով չէր վարձատրել իրենց աշխատանքի դիմաց, և նրանք ստիպված էին եղել պահեստից գողություն անել, դրամաշորթություն անել կամ կաշառք վերցնել: Ես այդպիսի բաները չեմ հասկանում: Կա քրեական հանցագործություն և կա քաղաքական հանցագործություն, երբ մարդուն ձերբակալում են այլախոհության, իր մտքերը հրապարակավ արտահայտելու համար: Այս երկուսի միջև պետք է հստակ սահմանազատում մտցնել:
«ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՄԱՌԸ ՈՉ ԹԵ ՀԱՆԳՍՏԱՆԱԼՈՒ, ԱՅԼ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՇՐՋԱՆ Է»
-ՀՀ վարչապետը նախարարներին արգելել է գնալ երկարատև արձակուրդի և հորդորել է հանգստանալ Հայաստանում՝ ելնելով տնտեսական ճգնաժամի «մարտահրավերներից»: Ինչպե՞ս է վիճակը ճարտարապետների միությունում այս առումով:
-Մեր միության աշխատակազմն այնքան մեծ չէ: Բայց ճարտարապետների մասին ասեմ, որ թե՛ խորհրդային տարիներին, թե՛ հիմա, եթե գործ է լինում, ապա ճարտարապետն ամռանը արձակուրդ չի գնում: Ճարտարապետների համար ամառը ոչ թե հանգստանալու, այլ աշխատանքները հանձնելու շրջան է: Մեր հանգիստը միայն աշխատանքի մեջ է:
-Մեր ստեղծագործական միություններում՝ գրողների, նկարիչների, կոմպոզիտորների, թեժ պայքար է միության անդամների և նախագահների միջև: Անշուշտ, գիտեք, որ բանը հասնում է անգամ փոխադարձ անձնական վիրավորանքների, ծանր մեղադրանքների: Ինչպիսի՞ իրավիճակ է ճարտարապետների միությունում այս առումով:
-Մենք էլ ունենք ներքին խնդիրներ, որոնք ժամանակին ենք բարձրաձայնում, չենք թողնում, որ խորանան, բարդանան: Այն տարբերակը չէ, երբ մարդը քարը թաքցնում է մեջքի հետևում և կրիտիկական պահին հանում-հարվածում է դիմացինի ճակատին: Մեզ մոտ էլ կան ինչ-որ անհարթություններ, անհաշտություններ, բնականաբար: Մենք էլ դրախտային միջավայրում չենք ապրում, բայց ճարտարապետների միության անդամներն աթոռամոլուցքով չեն տառապում:
-Ձեր առաջիկա համագումարը ե՞րբ է սպասվում:
-Եթե առաջնորդվենք հասարակական կազմակերպությունների կանոնակարգով, պիտի որ համագումար անենք աշնան վերջի: Բայց ասեմ, որ հասարակական կազմակերպությունների համար գրված օրենքը ստեղծագործական միությունների համար անփոփոխ կիրառելը ճիշտ չէ: Հիմա կարծես թե ուզում են ստեղծագործական միությունների համար ինչ-որ հատուկ կետեր մշակել, որն իսկապես անհրաժեշտ է: Օրինակ, 2002 թվականին դուրս եկած օրենքի համաձայն՝ մենք կոչվում ենք Հայաստանի ճարտարապետների միավորում, բայց մեզ բոլորը ճանաչում են որպես միություն՝ հատկապես դրսում, միջազգային կառույցներում: Իսկ հասարակական կազմակերպությունների մասին օրենքը հրահանգում է «միություն» բառը չօգտագործել, որովհետև դա, ըստ տարօրինակ մի բացատրության, ասոցացվում է Խորհրդային Միության հետ: Իսկ անվանում փոխելը գումարների, այլ դժվարությունների հետ կապված հարց է: Այնպես որ, սա առայժմ վերջնական լուծում չգտած խնդիր է:
-Ճարտարապետների միության կամ միավորման նախագահի պաշտոնը զբաղեցնում է Ձեր ամբո՞ղջ ժամանակը, թե՞ կարողանում եք նաև ստեղծագործել:
-Իհարկե, ստեղծագործում եմ: Առանց դրա անհնար է: Հիմա նախկին պետական համակարգը չի գործում, երբ պետությունից ստանում էիր որոշակի պատվեր ու կատարում այն: Ամեն բան որոշում են անհատ պատվիրատուները: Եթե որևէ բան պատվիրում են նախագծել (առանձնատներ, այլ շինություններ), անում եմ: Եվ դա է իմ հիմնական վաստակը, միությունում ստացածս չնչին մի բան է: Վերջերս սկսել ենք նախագծել սփյուռքի նախարարության շենքը: Տեսնենք, թե ինչ կստացվի:
-Ո՞ր պատվիրատուի հետ եք ավելի հաճույքով աշխատում՝ պետությա՞ն, թե՞ մասնավոր անձի:
-Պետության հետ խնդիրները պարզ են: Իսկ մասնավոր անձը որոշակի քմահաճույքներ է պարտադրում: Նրանց հետ առայժմ դժվար է: Այսօրվա սեփականատերերը շատ հետաքրքրիր մարդիկ են: Նրանք ի սկզբանե այնպիսի մտայնություն ունեն, թե կառույցի տերերն իրենց շենքն իրենք են նախագծել: Այսինքն՝ իրենք են հեղինակները: Երևի թե այս մտքից մեծ հաճույք են ապրում: Հատկապես ծանր էր վիճակը, երբ սահմանները նոր էին բացվել: Բոլորը գնացել, դրսում տեսել էին տարբեր շինություններ՝ մավրիտանական ոճից մինչև ամերիկյան երկնաքերներ, և հարստացած վերադառնալով Հայաստան՝ ուզում էին այդ ամենն ունենալ այստեղ: Բայց կամաց-կամաց հասկացան, որ դա հնարավոր չէ: Վերջին շրջանում նկատվում է փոխըմբռնման ձևավորում նրանց և ճարտարապետների միջև: Նրանք սկսել են հասկանալ, որ ճարտարապետի խորհրդին չհետևելը, փողը չափսոսելը, անընդհատ էքսպերիմենտներ անելը, կառուցածը քանդել-վերաշինելը ձեռնտու չէ իրենց համար: ՈՒստի արդեն նախընտրում են լսել ճարտարապետին և ընդունել նրա կարծիքը: Իսկ քաղաքի դիմագիծը պահելու, գեղեցկացնելու հարցում շատ մեծ է քաղաքացիների դերը: Քաղաքացիները միշտ դժգոհ են իշխանություններից, բայց պիտի մի քիչ էլ իրենցից դժգոհեն: Քաղաքը շատ վատ է պահվում քաղաքացիների կողմից: Եթե որևէ մեկի որևէ խնդրանքը մերժում են, նա այլևս չի ճանաչում ո՛չ քաղաքապետ, ո՛չ քաղաքի ճարտարապետ, ո՛չ պետություն: Օրենքը բոլորի վրա պիտի տարածվի հավասարապես: Եթե միևնույն խնդրանքով դիմած երկու քաղաքացիներից մեկը մերժվել է, մյուսն էլ պիտի մերժվի: Երբ հավասարության այս սկզբունքը խախտվում է, այդտեղից էլ սկսվում է ընդվզումը: Բացի այս, մեր քաղաքը սոսկալի կեղտոտ վիճակում է, և այստեղ ո՞վ է մեղավոր, եթե ոչ մեր քաղաքացիները: Օրեր առաջ եմ եկել Ստեփանակերտից: Այնտեղ շատ ավելի լավ վիճակ է, քան Երևանում: Քաղաքը մաքուր է, իսկ կանաչ տարածքները խնամված են, ոչ մի ծառ ու թուփ չի ոչնչացվել: Մտածում եմ՝ եթե ղարաբաղցիներն իրենց մոտ այդպես պահպանում-խնամում են քաղաքը, բնությունը, ինչո՞ւ են Երևանում ոչնչացնում այգիները: Վերջին հաշվով, Երևանում շատ են, չէ՞, գործարար ղարաբաղցիները: Ես բնավ չեմ նախանձում, որ Ղարաբաղում վիճակն ավելի բարվոք է, ծխախոտի ոչ մի մնացուկ չես գտնի փողոցներում: Բայց տխրում եմ, որ ղարաբաղցիները Երևանին նույնպիսի սրտացավությամբ չեն վերաբերվում: Հասկանում եմ, որ Երևանը շատ ավելի մեծ խառնարան է, բայց դա այս վիճակը չի արդարացնում:
Զրույցը վարեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2267

Մեկնաբանություններ